Բանաստեղծություններ

ՍԱԳ

Սագիկ-սագին, իմ սիրունիկ,
Ես քեզ կտամ քաղցր կուտիկ,
Որ դու ուտես , շուտ մեծանաս,
ՈՒրախ ապրես, զվարճանաս:

Երբ մեծանաս, մեծ սագ դառնաս,
Ես կխնդրեմ իմ մայրիկին,
Որ նա ժողվե քո փետուրներ
Եվ ինձ համար շինե բարձեր:

ԿԱՏՈւ

Կատուն եկավ,
Փիսի՜կ, փիսի՜կ,
Հազար նազով,
Ինչպես հարսիկ,
Դունչը սրբեց
Թաթիկներով,
Մազը սանդրեց
Չանչիկներով.
– Կատու, կատու,
Ե՞ր ես տրտում.
Թե՞ մկներն են
Հիմա արթուն:
Կատուն ասեց.
_ Միաո՜, միաո՜.
Այսինքն թե՝
_ Այո՛, այո՛:

ԱՐԵԳԱԿ

Արև՛, արև՛, ե՜կ, ե՜կ,
Զիզի քարին վե՜ր եկ.
Սև-սև ամպեր հեռացեք,
Արևին ճամփա տըվեք:
Թողեք տող գա նա մե՜զ մոտ,
Դրա լույսին ենք կարոտ.
Կարմի՛ր արև ե՜կ, ե՜կ,
Նախշուն քարին վեր եկ:
Արևը հաղթեց ամպերին,
Շողքը ձգեց սարերին,
Զիզի քարը տե՜ս, տե՜ս
Պըսպղում է ոսկու պես:
Սիրուն արև, մի՜շտ եկ,
Զիզի քարին վե՜ր եկ:

ԱՌԱՎՈՏԸ ԳՅՈւՂՈւՄ

Արեգակը դուրս է եկել
Պսպըղալով.
Շողքը հերթից ներս է ընկել
Շողշողալով.
Ծիտը ծառին կըչկըչում է
Ծըլվըլալով.
Ձորումն առուն քչքչում է
Վըշվըշալով.
Ծույլ տղայի քունն է տարել
Խռըմփալով.
Տրեխները շունն է տարել
Մըռմըռալով:

ԱՔԱՂԱՂ

Աքաղաղը կանչում է.
– Ծուղրուղու՜,
Ղու-ղու-ղու՜.
Պառավ նանը զարթնում է,
– Տա-տա-տա՜…
Պա-պա-պա՜…
Աքլա՛ր, ինչու՞ կանչեցիր,
Ինչու՞ նանին զարթնեցրիր.
Ա՜խ դու-դու՜,
Ա՜յ ջու-ջու՜:

Ա՜յ նանի, ջան նանի,
Մեզ մի վեր կացընի,
Թող մի քիչ էլ մնանք,
Քնից լավ կշտանանք:

Աքլորը շուտ է կանչում,
Աքլորը քեզ է խաբում,
Աքլո՛ր, ինչու՞ կանչեցիր,
Ինչու՞ նանին զարթեցրիր.
Ա՜խ դու-դու՜,
Ա՜յ ջու-ջու՜:

ԾԻՏԸ ԵՎ ԲԱԶԵՆ

Ծիտը ծառին ծլվըլում է.
– Ծի՜վ, ծի՜վ, ծի՜վ.
Բազեն գլխին պտըտվում է.
– Վու՜յ, վու՜յ, վու՜յ…
Ծիտը լռեց, ծիտը վախեց.
– Վա՜ջ, վա՜ջ, վա՜ջ…
Բազե, թը՜ռռ, բազե թը՜ռռ.
– Հա՜ջ, հա՜ջ, հա՜յ…
Բազեն թռավ,
Բազեն փախավ,
Ի՜նչ լավ էլավ.
– Հե՛ – հե՛ – հե՛…
Ծիտի՛կ միտիկ, պի՛ծիկ միծիկ,
Պըտպըտուրի՛կ, չըլպըտուրիկ,
Դու լա՛վ պրծար չար բազեի
Սուր ճանկերից, հա՜ – հա՜ – հա՜…

ՄԱՆՈւՇԱԿ

Ասա ինձ, մանուշակ,
Ինչու՞ ես այդպես վաղ
Դուրս եկել մեն-մենակ.
Դեռևս չի բացվել
Ոչ մի տեղ քեզ նման
Հոտավետ մի ծաղիկ:

_ Ես չունիմ մյուսների
Գեղեցիկ հասակը,
Ոչ նրանց հագուստը՝
Զարդարուն ու շքեղ,
Դուք ինձ չեք նկատիլ,
Եթե ես երևամ
Նրանց հետ միատեղ:

ԱՄԻՍՆԵՐ ԵՎ ՉՈՐՍ ԵՂԱՆԱԿ

Մարտը տալիս է ձնծաղիկ,
Ապրիլը՝ կապույտ մանուշակ,
Մայիսին բացվում է վարդը,
Սոխակը երգում անուշակ։
Հունիսը մեզ խոտ է տալիս,
Իսկ հուլիսը առատ ցորեն,
Օգոստոսը տանձ ու խնձոր
Եվ ուրիշ շատ հասուն մրգեր։

Սեպտեմբերը մեզ տալիս է
Խաղողի բոլոր տեսակը.
Հոկտեմբերը՝ կարմիր գինի,
Նոյեմբերը՝ բողկն ու տակը։

Դեկտեմբերին ձյուն է գալիս,
Հունվարին ծածկվում սար ու ձոր,
Փետրվարին սկսվում է
Փոփոխակի ցուրտ ու տաք օր։

Ահա այսպես բոլոր տարին
Թավալվում է չորս շրջանում,
Այս պատճառով չորս ժամանակ,
Չորս եղանակ է մեզ բերում։

ԿԱՏՈւ

Կատուն եկավ,
Փիսի՜կ, փիսի՜կ,
Հազար նազով,
Ինչպես հարսիկ,
Դունչը սրբեց
Թաթիկներով,
Մազը սանդրեց
Չանչիկներով.
– Կատու, կատու,
Ե՞ր ես տրտում.
Թե՞ մկներն են
Հիմա արթուն:
Կատուն ասեց.
_ Միաո՜, միաո՜.
Այսինքն թե՝
_ Այո՛, այո՛:

Բանաստեղծություններ

Պատմվածքներ

Պարտեզ ամսագիր